Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը գտնվում է տնային կալանքի տակ, հունիսի 5-ին իր տան բակում հանդիպել է Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի բնակիչների հետ՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի ծրագրերը, ինչպես նաև երկրի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի առաջնահերթ խնդիրը հասարակության համախմբումն է։
«Մենք ձեզ հետ միասին առաջին հերթին պետք է այնպես անենք, որ ատելության մթնոլորտը վերացնենք մեր երկրից», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ ունենք մի հասարակություն, որն այդքան պառակտված է, որտեղ բոլորն իրար հայհոյում են և խոչընդոտում պետության զարգացմանը։
Խոսելով մարզերի մասին՝ Կարապետյանը նշել է, որ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերն ունեն Հայաստանի ամենամեծ ներուժներից մեկը, սակայն այդ ներուժը մինչ այժմ չի իրացվել։ Նա խոստացել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո իրականացնել տարածաշրջանային զարգացման լայնածավալ ծրագրեր, խթանել զբոսաշրջությունը և ստեղծել նոր աշխատատեղեր։
«Մենք կստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ, և դրա հիմնական շահառուները կլինեն մարզերի երիտասարդներն ու կանայք», - ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև ներկայացրել է կրթության ոլորտում իր ծրագրերը՝ պատմելով Հայաստան աշխարհում առաջատար համալսարանների մասնաճյուղեր ներգրավելու մտադրության մասին։
«Սորբոն, Քեմբրիջ և աշխարհի լավագույն համալսարանները, բոլորին բերելու ենք՝ Հայաստանում ունենան իրենց ներկայությունը», - ընդգծել է Կարապետյանը։
Անդրադառնալով անվտանգության թեմային՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ազգային շահերի հետևողական պաշտպանություն։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները ի վիճակի չեն միջազգային հարթակներում արդյունավետորեն ներկայացնել երկրի շահերը։
Հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր՝ կապված պատերազմի մասնակիցների, հաշմանդամություն ստացած զինծառայողների, գյուղական համայնքների խնդիրների և կրթության հետ։ Կարապետյանը հավաստիացրել է, որ պատերազմի մասնակիցներն ու վիրավոր զինծառայողները լինելու են պետության հատուկ ուշադրության կենտրոնում։
«Մեր տղաները լինելու են հերոսների հերոսը, և իրենք բոլորը լավ ապրելու են և ունենան արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք», - նշել է Կարապետյանը։
Պատասխանելով դպրոցների հնարավոր փակման մասին հարցին՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ գյուղական համայնքներում կրթական հաստատությունների պահպանումը կդառնա իր ծրագրի կարևոր ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ դպրոցների անհիմն փակումը նպաստում է գյուղերի դատարկվելուն և բնակչության արտահոսքին։
Ելույթի ավարտին Սամվել Կարապետյանը կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացին՝ միաժամանակ վստահություն հայտնելով իր քաղաքական ուժի հաղթանակի նկատմամբ։
«Տրամադրվեք մեր հաղթանակին։ Տրամադրվեք մեր բացարձակ հաղթանակին», - ասել է նա՝ ընդգծելով, որ հաջողության գրավականը քաղաքացիների համախմբվածությունն ու ակտիվ մասնակցությունն են։











