Ադրբեջանի միջազգային ռադիոն, որը մտնում է ուղղակիորեն նախագահի աշխատակազմին ենթակա Ադրբեջանի պետական ռադիոյի կառուցվածքի մեջ, հունիսի 4-ի իր ռուսական ծառայության հաղորդման ժամանակ նյութ է թողարկել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» մասին։

Հայաստանի գործող իշխանությունների այն պնդումների ֆոնին, թե «Արևմտյան Ադրբեջանի» հարցը իբր թե հարևան երկրի լոկ ներքաղաքական օրակարգի հարց է, հենց օտարերկրյա պետությունների համար օտար լեզուներով՝ ներառյալ ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և վրացերեն հեռարձակվող պետական ռադիոկայանն է եթերում հերթական անգամ սկսել պնդել, որ «վերադարձը» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», մեջբերում ենք, «ազգային գաղափար է և ազգային ինքնագիտակցության հիմքերից մեկը»։

Նույն ռադիոկայանի հայկական խմբագրությունը, որը հեռարձակվում է օրական 2,5 ժամ (ռուսական ծառայության եթերաժամանակը կազմում է ընդամենը 30 րոպե), նմանատիպ նյութեր եթեր է հեռարձակում ամենօրյա ռեժիմով։

Հատկանշական է, որ Ադրբեջանի միջազգային ռադիոն, որն ունի ադրբեջաներենով նվազագույն բովանդակություն, երկրի ներսում չի հեռարձակվում։