Գորիս-Երեւան ճանապարհին մայիսի 3-ի գիշերը վթարի ենթարկված Opel Sintra մակնիշի մեքենայի տուժող ուղեւորները, ովքեր ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ են եղել, Գորիսի հիվանդանոցից տեղափոխվել են Երեւանի կենտրոնական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի հիվանդանոցի տնօրեն Սլավիկ Ամիրյանը: Նրա խոսքով, տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 5 տուժողներից Շիրակ Հարությունյանին վերակենդանացման բաժանմունքում վիրահատության են ենթարկել, ինչի արդյունքում արյունահոսության կանգ է առել եւ վիճակը կանոնավորվել է:
«Նրանց բոլորի վիճակն էլ բավարար է եղել եւ բոլորին տեղափոխել են Երեւանի կենտրոնական հոսպիտալ: Իմ ունեցած տվյալներով, արդեն դրական դինամիկա կա: Իսկ վիրահատվածի մոտ վիրահատությունից հետո արյունահոսության կանգ է տեղի ունեցել եւ վիճակը կանոնավորվել է»,-ավելացրեց Սամվել Ամիրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 3-ին, Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Sintra մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները: Opel Sintra-ն ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների է տեղափոխելիս եղել: Պատահարի հետեւանքով Opel Sintra-ի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` Opel Sintra-ի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց: Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:




























