Գլենդելում 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն այն բանից հետո, երբ ընտանեկան վեճի ժամանակ հրազենից կրակել է իր տանը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Ինչպես հաղորդում է  «Glendale News-Press»-ը, մինչ ոստիկանական դեպարտամենտ ներկայանալը, Կարեն Հովհաննիսյանը կապվել է իր փաստաբանի հետ: Նա կալանքի տակ է վերցվել տանը կրակելու, ազատությունից ապօրինի զրկելու եւ սպառնալիքների կասկածանքով: Ոստիկանները Հովհաննիսյանի ատրճանակը հայտնաբերել են նրա ավտոմեքենայի մեջ:

Հովհաննիսյանը վիճել է կնոջ հետ նրա ծանողների պատճառով, որոնք ներկա են եղել միջադեպին: Կրակելով` նա ոչ մեկի վրա նշան չի բռնել: Մինչ ոստիկանները կգային` նա փախուստի էր դիմել, որից հետո նրա նկատմամբ որոնում էր հայտարարվել:

Հիմա արդեն Հովհաննիսյանն ազատ է արձակվել `250 հազ. դոլար գրավի դիմաց: Սպասվում է, որ նա դատարանի առաջ կկանգնի հունիսին: