Թուրքական DenizHaber կայքն անդրադարձել է Վրաստանում կալանված թուրքական նավերի խնդրին՝ ներկակացնելով օրեր առաջ Բաթումում կալանված Ayşe Akansu նավի հետ կապված իրադարձություններին։

Թուրքական Aktuğ Denızcilik ընկերությանը պատկանող Ayşe Akansu բեռնանավը Թուրքիայի Իզմիրի նավահանգստից 3068 տոննա պողպատ է տեղափոխել Բաթումիի նավահանգիստ, որտեղ 2012-ի ապրիլի 25-ին կալանվել է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից՝ առանց Վրաստանի թույլտվության Աբխազիա մտնելու մեղադրանքով։

Վրացական դատարանն արդեն ապրիլի 27-ին մեղավոր է ճանաչել նավի անձնակազմի 7 անդամներին՝ տուգանելով ամեն անդամի  3000 լարիով։

DenizHaber կայքը պնդում է, որ թուրքական նավը երբեք Աբխազիա բեռներ չի տեղափոխել, այն մի անգամ Սոչի բեռ տանելու ժամանակ հայտնվել է փոթորիկի մեջ եւ ռուսական նավահանգիստներից հրահանգ է ստացել մինչ փոթորկի հանդարտվելը ժամանակավոր խարիսխ գցել Աբխազիայի Պիցունդայի շրջանում։ Վրացական իրավապահները գրանցել են, որ նավը խարիսխ է գցել Աբխազիայի տարածքում եւ Վրաստան մտնելուց հետո անմիջապես կալանել են թուրքական նավը։

«Սպասվում է, որ թուրքական դրոշի ներքո թուրքական նավերի դեմ վրացական իշխանությունների այս «զոռբայության» դեմ թուրքական իշխանությունները պատրաստվում են նմանատիպ ձեւերով վրեժ լուծել Վրաստանից»,-գրում է DenizHaber-ը։