«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավն ավարտել է Շիրակի մարզում: Այսօր` մայիսի 4-ին, կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Ազատանի, Ամասիայի, Աշոցքի բնակիչներին, իսկ քարոզարշավի վերջին ակորդը եղել է Գյումրիում կայացած հանրահավաքը:

Ազատանում կայացած հանդիպմանը ԲՀԿ առաջնորդը կրկին վերահաստատել է իր խոսքերը, թե պատրաստ է կորցնել ամեն ինչ, բացի ժողովրդի վստահությունից:

«Տեսնելով երկրի վիճակը՝ ես նեղվում եմ, որովհետեւ եթե ժողովուրդը պակասում է, ուրեմն զարգացում չկա, հզորություն չկա, գնալով ավելի հանգչելու է: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր գնացածներն էլ հետ գան: Հետ կգան այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ կա պայման, արդարություն, հնարավորություն: Ամեն մեկը կգա իր հայրենիքի, իր ծնողի, իր կնոջ կողքը», - ասաց Ծառուկյանը:

Գյումրիում Ծառուկյանը նշել է, թե քարոզարշավն սկսել է հարազատ Աբովյանից եւ ավարտում է Գյումրիում: Այս քաղաքում ԲՀԿ-ն աջակցում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուների` Մարտուն Գրիգորյանին եւ Սամվել Բալասանյանին: Բալասանյանն, ըստ Ծառուկյանի «փորձած թան է, ում չի կարելի փոխել անփորձ մածունի հետ»` միաժամանակ շեշտելով, որ Բալասանյանը մրցակից չունի իր ընտրատարածքում: ԲՀԿ առաջնորդը համոզված է, որ Մարտուն Գրիգորյանն էլ նույնքան լավ է աշխատելու, որ հաջորդ ընտրություններին մնա առանց մրցակցի: