Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:

Այն կանցկացվի 1982 ընտրատեղամասերում, (որոնցից 468-ը` Երեւանում): Հայաստանի չափահաս քաղաքացիները կարող են իրենց ընտրությունը կատարել մինչեւ երեւանյան ժամանակով (համընկնում է մոսկովյանին) ժամը 20.00-ն:

Համաձայն Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի`տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչեւ ժամը 11.30, 14.30, 17.30 եւ 20.30-ը շրջանային ընտրական հանձնաժողովին տվյալներ հայտնել ժամը 11.00, 14.00, 17.00 եւ 20.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին:

Շրջանային ընտրական հանձնաժողովները նույն պարբերականությամբ ընդհանրացնում, հրապարակում եւ հաղորդում են նշված տվյալները  Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների քվեարկության անցկացման օրը ժամը 09.00-ին հրապարակում է ընտրությունների ընթացքի մասին տվյալներ, իսկ սկսած ժամը 12.00-ից մինչեւ 21.00-ն երեքժամյա հաճախականությամբ տվյալներ է հրապարակում այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:

Խորհրդարանական ընտրություններին հետեւում են 31 418 դիտորդներ տեղական կազմակերպություններից, ինչպես նաեւ  11 տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների Հայաստանում հավատարմագրված 647 ներկայացուցիչներ:
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովում կընտրվի 131 պատգամավոր:

Խորհրդարանը ձեւավորվում է ընտրական խառը համակարգով`  90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական կարգով:

Այս խորհրդարանական ընտրություններին քաղաքական 8 կուսակցություններ են մասնակցում` Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունները եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը: