Դեռեւս բաց է մնում այն հարցը, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վրա ինչպես են կապտուկներ հայտնվել:

Հիշեցնենք, որ հարցի վերաբերյալ իր ենթադրություններն էր ներկայացրել դատախազության դատական որոշումների կատարման դեպքում օրենքների նկատմամբ հսկողության գլխավոր վարչության պետ Վադիմ Գորանը: Նա վկայակոչելով դատական բժիշկներին, հայտարարել էր, թե կապտուկները չեն կարող առաջանալ ապրիլի  20-ին,  ինչպես նշում է  Տիմոշենկոն. «Բացի այդ, դրանք առաջացել են կամ ինչ-որ բութ առարկայի բախվելիս, կամ  բութ առարկայով սեղմելու արդյունքում: Բայց ոչ մի դեպքում` բռունցքի հարվածի արդյունքում»,-հայտարարել էր նա:

Մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում Խարկովի մարզի դատախազ Գենադի Տյուրինը նույնպես չի բացառել, որ Տիմոշենկոն կարող էր իր վրա անձամբ առաջացնել այդ կապտուկները  եւ լուսանկարները լայնորեն տարածել մամուլում:

Ասուլիսին մասնակցող Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան նշել է, որ հարցի պատասխանն ստանալու համար անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննություն իրականացնել, որից Տիմոշենկոն հրաժարվում է: Մինչեւ բժիշկների եզրակացությունը, ոչինչ բացառել չի կարելի:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն հայտարարել էր, թե գաղութից հիվանդանոց տեղափոխելու ժամանակ իր նկատմամբ բռնություն է կիրառվել: