Կոլումբիայում ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալների շուրջ աղմուկ բարձրացրած կինը` Դանիա Լոնդոնյոն, ամերիկացի գործակալներին «հիմարներ» է անվանել, պատմել է, որ նրանք շատ են խմում եւ գիշերային ակումբներում պարում «տարօրինակ պարեր», լավ է, որ գոնե թմրանյութ չեն օգտագործում: Կինն առաջին հարցազրույցն է տվել կոլումբիական La W Radio ռադիոկայանին, որտեղ պատմել է Կարթագենում սկանդալային գիշերվա բոլոր մանրամասները:
«Նրանք իրենց իսկական հիմարների պես էին պահում», - ընդգծել է Լոնդոնյոն: Ըստ նրա` եթե գործակալը, որի հետ ինքը գիշեր էր անցկացրել, կատարեր բոլոր ֆինանսական պայմանավորվածությունները, ոչ մի աղմուկ էլ չէր լինի: Խոսքը 800 դոլարի մասին էր, որն ամերիկացին խոստացել էր վճարել գիշերվա համար: Սակայն գիշերային ակումբից հետո նա գիշերվա մնացած մասը քնել էր, իսկ այնուհետեւ երբ կինը գումարն էր պահանջել, նրան 50 հազար կոլումբիական պեսո (30 դոլար) էր տվել` համարելով, որ դա միանգամայն բավական կլինի:
Գործակալն սխալվել էր: Աղջիկը ոստիկանություն էր կանչել: Արդյունքում հյուրանոցում գտնվող բոլոր գործակալներին հաջողվել է 250 դոլար հավաքել, որոնք էլ տվել էին Լոնդոնյոյին, սակայն աղմուկին արդեն խառնվել էր ոստիկանությունը, որի հետեւանքով էլ պատմությունը հայտնի էր դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անձամբ Լոնդոնյոն իրեն տուժած է համարում. բացի «գիշերային թիթեռնիկի» այդ աշխատանքից, նա այլ աշխատանք էլ է ունեցել, սակայն այժմ այդ մասին պետք է մոռանա:
Հիշեցնենք, որ Կոլումբիա կատարած Օբամայի այցի ընթացքում 12 թիկնապահներ եւ 10 զինծառայողներ հետ էին ուղարկվել ԱՄՆ` «անհարիր պահվածքի» համար: Հետագայում 9 թիկնապահներ հեռացվել էին ծառայությունից նրա համար, որ հյուրանոց, որտեղ պետք է կանգ առներ նախագահը, գիշերային թիթեռնիկներ էին բերել:
Ամերիկյան քաղաքական գործիչները կարծում են, որ այդ պատմությունում ներգրավված մարմնավաճառները կարող էին համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ:




























