Թունիսում 2011թ. Զին ալ Աբիդին բեն Ալիի վարչակարգի տապալմամբ ավարտված «հասմիկների հեղափոխության» ընթացքում շուրջ 340 մարդ զոհվել, 2 հազար 174-ը վիրավորվել են: Այդպիսին են 2010թ.  դեկտեմբերի 17-ից` ապստամբությունն սկսելու օրվանից, տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի տվյալները:

Ըստ հանձնաժողովի` արյունահեղության պատասխանատվությունը տապալված նախագահ Բեն Ալիի  եւ նրա նախարարների վրա է, որոնք փորձում էին «ապստամբությունն արյան մեջ խեղդել»: «Այս թվերը վերջնական չեն», - հայտնել է հանձնաժողովի ղեկավար փաստաբան Թաուֆիք Բուդերբալան, հայտնում է RT News-ը:

Հեղափոխության վերաճած խռովությունները Թունիսում ծագել էին քաղաքական ազատության բացակայության, սոցիալական անհավասարության, կաշառակերության եւ գործազրկության պատճառով առաջացած բնակչության դժգհությունից: Բռնկված անկարգությունների հետեւանքով հունվարի 14-ին Բեն Ալին Թունիսից փախել էր Սաուդյան Արաբիա  եւ հաջորդ օրը երկրի Սահմանադրական խորհրդի  որոշմամբ  զրկվել էր պաշտոնից: 

2011 թվականի աշնանը  «Ան Նահդա» («Վերածնունդ» ) կուսակցությունն անցումային շրջանում հաղթել էր  իշխանության բարձրագույն մարմնի` Ազգային հիմնադիր խորհրդի  ընտրություններում: