Պակիստանում ավերված տան տերերը, որտեղ ապրել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը, զբոսաշրջիկներին առաջարկում են որպես հուշանվեր ձեռք բերել կրաքար եւ տան աղյուսներից:
Տանտեր Շաքել Ահմադը հայտարարել է, որ Բեն Լադենի տան շինանյութը մեծ պահանջարկ ունի որպես հուշանվեր` չնայած այն միանգամայն պիտանի է նաեւ նոր տան կառուցման համար: Ընդհանուր առմամբ, պակիստանցին ունի 200 հազար աղյուս: Դրանք նա վաճառում է հատը 10 դոլարով:
Չնայած որ Ահմադը երբեմն սպառնալիքներ է ստանում «Ալ Կաիդայից», նա, այնուամենայնիվ, շարունակում է աղյուսները վաճառել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ճիշտ է, տղամարդն արդեն թիկնապահներ է վարձել:
Մեկ տարի առաջ` 2011 թվականի մայիսի 2-ի գիշերը, ամերիկյան զինծառայողները Բեն Լադենի ոչնչացման գործողություն էին սկսել: Թաքնված «թիվ մեկ ահաբեկիչը» գլխին կրակոց ստանալով սպանվել էր Իսլամաբադի արվարձանում գտնվող բունկերում:
Բեն Լադենի դիակը նետել են Արաբական ծովը: Ամերիկյան իշխանությունները որոշել էին նրան հողում չթաղել, որպեսզի հետեւորդները նրա գերեզմանը ուխտագնացության վայր չդարձնեն:




























