Նշանակվել է մասնավոր Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) ուղարկելու նոր ամսաթիվը. այն տեղի կունենա մայիսի 19-ին: Այդ մասին հաղորդել է ամերիկյան SpaceX արտադրող ընկերության ներկայացուցիչ Քիրսթին Բորսթը: Նավի վերադարձը երկիր նախատեսված է մայիսի 22-ին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, մեկնարկը նախատեսվել էր այս տարվա մայիսի 7-ին, բայց անորոշ ժամկետով հետաձգվել էր: Պատճառ էր նշվել ծրագրային ապահովվածության լրացուցիչ ստուգումների անցկացումը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am–ը, SpaceX ընկերությունը Dragon-ի առաջին գործարկումն իրականացրել է 2010թ. դեկտեմբերին: Երկրորդը, որի ընթացքում ծրագրվում էր այն մոտեցնել ՄՏԿ-ին, նշանակված էր 2012թ. փետրվարի 7-ին: Սակայն հունվարին ընկերությունը հայտարարել էր, որ լրացուցիչ ժամանակի կարիք է զգում եւ հետաձգել էր: Այնուհետեւ նշվում էր, որ նավը ՄՏԿ կուղեւորվի մարտի 20-ից ոչ շուտ, հետո` ապրիլի վերջին, հետո էլ` մայիսի 7-ին, հաղորդում է gazeta.ru-ն:
2006թ.-ից NASA-ն իրականացնում է Commercial Orbital Transportation Services (COTS) ծրագիրը, որի շրջանակում ընդլայնվում են տիեզերանավերի ստեղծման գործում մասնավոր ընկերությունների ջանքերը: Ծրագրի շրջանակում ամերիկյան տիեզերական գործակալությունը SpaceX-ին 396 միլիոն դոլար կվճարի, իսկ մյուս ընկերությանը` Orbital Sciences Corporation-ին` 288 միլիոն: Ներկա պահին SpaceX-ն արդեն 376միլիոն է ստացել, իսկ Orbital - ը` 261,5 միլիոն դոլար:
Մայիսի 1-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են Falcon 9 հրթիռակիրը, որը Dragon-ը պետք է հասցնի ՄՏԿ:




























