Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ցմահ դատապարտված Յասին Հայալը դիմել է վճռաբեկ դատարան՝ պահանջելով չեղյալ համարել իր դեմ դատարանի կայացրած վճիռը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Յասին Հայալն իր դիմում է մեջ պնդել է, թե Հրանտ Դինքի սպանության մտահղացումը պատկանում է Էրհան Թունջելին։  Հայալը նշել է, թե Թունջելն է իրեն համոզել, որ Հրանտ Դինքը թուրքերի թշնամին է։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել: