Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության հարցով բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ մայիսին:

Ինչպես ԱՊԱ գործակալությանն ասել է վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը, ներկայումս ճշգրտվում է հանդիպման  ժամկետը:

Նշենք, որ մարտի սկզբին «Կոմերսանտը», վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության եւ արտգործնախարարության աղբուրները, գրել էր, թե Ադրբեջանը պահանջում է կայանի վարձակալության գինը 7 միլիոնից  դարձնել մինչեւ 300 մլն դոլար տարեկան:

Վարձակալության մասին պայմանագիրն ստորագրվել է 2002 թ-ին, եւ ժամկետն ավարտվում է 2012 թ. դեկտեմբերին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր վարձակալության պայմանագիրը մինչեւ 2025թ. երկարաձգելու վերաբերյալ բանակցությունների մասին: Ռուսաստանը ծրագրում է բանակցություններն ավարտել մինչեւ հունիս, քանի որ նոր համաձայնագիրը պետք է կնքվի ոչ ուշ, քան գործողի ավարտից վեց ամիս առաջ: