Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի մասնակցելու ռեկտորի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթին: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին ռեկտորը` հավելելով, որ ինքը իրեն համարում է ԵՊԼՀ ռեկտոր:

«Հայաստանում կրթական համակարգի զարգացումը թերի է.առկա է ոչ թե Բոլոնյայի սկզբունքը, այլ ֆեոդալիզմի սկզբունքը, որտեղ նախարարը միշտ ճիշտ է եւ բոլորը պետք է ենթարկվեն նրան»,- նշեց ռեկտորը` շեշտելով, որ առկա խնդիրը ոչ թե Զոլյան-Աշոտյանի միջեւ է, այլ այն, թե ինչպես պետք է զարգանա կրթական ոլորտը:

Նրա փոխանցմամբ` Արմեն Աշոտյանը մինչեւ հիմա իրեն դատի չի տվել, ինչը նշանակում է, որ իր գործողություններն օրինական են: Ավելին, նախկին ռեկտորը կարծիք հայտնեց, որ ԿԳ նախարարի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումներն անօրինական են եղել: «Կա բարձրագույն կրթության մասին օրենք, որը նախարարն ընդհանրապես չի հիշատակում իր հրամաններում: Նա վկայակոչում է ՊՕԱԿ-ների մասին օրենքը»,-նշեց Զոլյանը: Ի դեպ, Սուրեն Զոլյանը առայժմ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն չունի: «Ուրախ կլինեմ, եթե հարցը լուծվի Հայաստանում, ինչը համակարգի առողջացման նշան կլինի»:,- նշեց նա

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:

Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:

Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այնուհետեւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը, ով նախկինում զբաղեցնում էր բուհի պրոռեկտորի պաշտոնը: