Սուպերմոդել Լինդա Եվանգելիստայի ու Սալմա Հայեկի ամուսին Ֆրանսուա Անրի-Պինոյի միջեւ դատական դաժան պայքար է ընթանում: Բավական հարուստ գեղեցկուհին միանգամայն կլորիկ գումար է պահանջում Ֆրանսուայից ծնված իր որդու խնամքի համար: Բայց միլիարդատերը չի շտապում կատարել մոդելի պահանջը:
Լինդայի եւ ֆրանսիացի միլիարդատիրոջ սիրավեպն սկսվել է 2005թ. վերջին եւ տեւել ընդամենը չորս ամիս: 2006թ. Պինոն սկսել է հանդիպել Հայեկի հետ, իսկ Եվանգելիստան լույս աշխարհ է բերել առաջնեկին, որին անվանել է Ավգուստին:
Սկզբում Լինդան թաքցրել է երեխայի հոր անունը: Բայց այն բանից հետո, երբ միլիարդատիրոջն ուղարկած` ֆինանսական օգնության խնդրանք պարունակող երկու նամակները մնացել են անպատասխան, Լինդան դիմել է դատարան: Եվանգելիստան, որի կարողությունը գնահատվում է 8 մլն դոլար, ամենամսյա 46 հազար դոլարի ալիմենտ է պահանջում` հնգամյա որդու համար դայակներ, թիկնապահներ եւ վարորդ վարձելու ծախսերը հոգալու համար: Աստղը ներկայումս շարունակում է մոդելային կարիերան եւ միշտ չէ, որ հասցնում է հարկ եղած ուշադրությունը ցուցաբերել որդուն, հաղորդում է «Կլեոն»:
Մայիսի 3-ին դատարանում կայացել են հերթական լսումները, որոնց ընթացքում կողմերը միմյանց մեղադրել են բոլոր հնարավոր մեղքերում: Մասնավորապես, Լինդան ասել է, որ նախկին ընկերը իրենից պահանջել է ընդհատել հղիությունը: Պինոն բացատրել է, որ Եվանգելիստային առաջարկել է ալիմենտներ վճարելու մի քանի տարբերակներ դիտարկել, բայց գեղեցկուհին կամ մերժել, կամ արհամարհել է:




























