Աճուրդի են հանվել Ադոլֆ Հիտլերի բժշկական քարտերը, որոնցից հետեւում է, որ Երրորդ ռեյխի առաջնորդը կոկայինի նկատմամբ հակում է ունեցել:

Alexander Historical Auctions աճուրդի տան վաճառքի հանված փաստաթղթերը պահվել են ամերիկյան ռազմական հետախուզության արխիվներում:

Ակնկալվում է, որ նացիստական առաջնորդի բժշկական ամեն մի քարտը կվաճառվի մոտ 2 հազար դոլարով:

Ինչպես գրում է MIGnews-ը, նյութերից պարզ է դարձել, որ Հիտլերը կոկաին  է օգտագործել, ինչպես նաեւ 28 դեղամիջոցներ, որոնցից մեկը ստրիխնին է պարունակել:

Բացի այդ, ֆյուրերը տառապել է «անվերահսկելի  մետեորիզմով» եւ բուժիչ երիցուկի  թուրմ է օգտագործել մաքրող հոգնաների համար:

Բժշկական քարտերում նաեւ մատնանշվում է, որ «սեքսի հակվածություն չունեցող» Հիտլերի լիբիդոն բարձրացնելու համար երիտասարդ ցուլի սերմնարաններից պատրաստված էքստրակտ են ներարկել:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել Հիտլերի հոգեկան խանգարումների մասին, ինչը վկայում էր 1942 թ. բրիտանական հետախուզության համար պատրաստված գաղտնի զեկույցը:

Հիտլերի հոգեբանական կերպարը Ռայխստագի նրա ճառի հիման վրա կազմել է Քեմբրիջի համալսարանի աշխատակից Ջոն ՄըքՔերդին:

Համաձայն զեկույցի` Հիտլերը տառապել է «մեսիայի բարդույթով». Նա իրեն համարում էր Խաչակրաց արշավանքի առաջամարտիկ, որը պայքարում է համաշխարհային չարիքի` հրեաների դեմ: Արդյունքում բռնապետի շուրջ մեռնող աստծո առասպել էր պտտվում: