ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հակամարտությունը Իրանի հետ նախադրյալներ է ստեղծում լայնածավալ միգրացիոն ճգնաժամի համար, որը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ Համագործակցության երկրների համար։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի աջակցությունը վայելող իսրայելական ագրեսիան Պաղեստինի նկատմամբ սրվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական արշավով՝ «դառնալով վերջին տարիների ամենալուրջ մարտահրավերը միջազգային անվտանգության ամբողջ համակարգի համար», հաղորդում է ТАСС-ը։
«Էներգակիրների և հանքային պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակումը, հարվածները կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև հետագա լարվածության սրման ռիսկերը նախադրյալներ են ստեղծում մասշտաբային աղետի համար, ընդունակ են հզոր միգրացիոն գործընթացներ և հումանիտար ճգնաժամ հրահրել՝ Լիբիայի և Իրաքի օրինակով։ Դրա հետևանքներին հավանաբար կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, և առաջին հերթին՝ Իրանին սահմանակից Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքմենստանը»,- առկա ռիսկերը նշել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։
Բացի դրանից, հիշեցրել է նա, ահաբեկչական ակտիվության խոշորագույն օջախներից մեկի կարգավիճակը պահպանում է Սիրիան, որտեղ շարունակվում է զինված դիմակայությունը իշխանությունների և Իսլամական պետության գլխավորած ահաբեկչական կառույցների միջև։ Հարավային Ասիայում Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ահաբեկչական խմբավորումների, դրանց թվում՝ «Վիլայաթ Խորասան»-ի համար, որը շարունակում է ընդլայնել իր ազդեցությունը։
Աֆրիկյան մայրցամաքը մնում է ահաբեկչական բարձր ակտիվության գոտի, որտեղ նկատվում է էթնիկ զինված կազմավորումների մերձեցում ահաբեկչական կառույցների և կազմակերպված հանցավորության հետ, որոնք օգտագործում են ստվերային լոգիստիկան՝ գրոհայինների, թմրանյութերի և զենքի տեղաշարժի համար։




























