Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հարցազրույց է տվել կանադական Globe and Mail թերթին, որում հայտարարել է, որ նախքան Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելը հարկավոր է լավ մտածել:
Մայիսի 7-ին կսկսվի Իսրայելի նախագահի հնգօրյա այցը Կանադա, եւ քննարկման կենտրոնական թեմաներից մեկը կդառնա հենց իրանական միջուկային ծրագիրը:
Պերեսը հայտարարել է, որ Իրանի միջուկային զենք ստեղծելը կանխարգելելու համար անհրաժեշտ է ներդնել ստուգման եւ վերահսկողության համակարգ: Իսրայելի ղեկավարն ընդգծել է, որ նախազգուշական հարվածը սպառնալիքի տակ կդնի նման համակարգի ստեղծումը: «Ենթադրենք, ինչ-որ մեկը ցանկանում է հարված հասցնել Իրանին: Դե ինչ, լավ է հնչում: Բայց ի՞նչ տեղի կունենա հարվածից հետո: Ոմանք ասում են, որ դա կթուլացնի Իրանին երկուսից երեք տարով: Սակայն դա բավական չէ», - նշել է նա:
Նրա խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը իրական խնդիր է ոչ միայն Իսրայելի, այլեւ ամբողջ աշխարհի, այդ թվում` ԱՄՆ-ի համար, որը եւս չի կարող թույլ տալ, որ Իրանը գերիշխող դիրքում հայտնվի Մերձավոր Արեւելքում:
Ըստ Պերեսի` հարցը կարգավորելու համար նախ հարկավոր է ոչ ռազմական միջոցներ ձեռնարկել Թեհրանի դեմ: Բայց ավելի տրամաբանական է ենթադրել, որ պետք է հաջորդեն այլ տարբերակներ, եթե ձեռնարկված միջոցառումներն արդյունք չտան, հարցազրույցը մեջբերում է Ռոսբալտը»:
Ավելի վաղ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը հայտարարել էր, որ Իսրայելը կարող է մասնակցել Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելուն, բայց չպետք է գլխավորի այն: Նրա խոսքով` ռազմական գործողությունները պետք է կատարվեն միայն այն պարագայում, եթե մնացած ջանքերը արդյունք չտան:




























