Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը դեռ վերջնական տեսքի չի բերվել, քանի որ գործընթացին մասնակցող մի շարք գործընկերներ դեռ չեն ներկայացրել իրենց դիտողություններն ու առաջարկները։ Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հենց դա է պատճառը, որ, նախարարի խոսքով, վերջնական տեքստի հրապարակման օրը դեռ որոշված չէ։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտելուց հետո մոտ ժամանակներս կսպասենք մեր որոշ գործընկերների կարծիքներին։ Մեզ մեկ-երկու շաբաթ պետք կլինի դրանք հավաքելու և մշակելու համար, որից հետո ևս մեկ-երկու քննարկում կանենք ու կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել տեքստը, թե՞ ոչ»,- նշել է նախարարը։
Գալյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունը քաղաքական հանձնառություն է, որը Կառավարությունն ստանձնել է թավշյա հեղափոխությունից հետո և վերահաստատել նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու քաղաքական հնարավորությունների մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս պահին իշխող կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չունի, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչ քայլեր կարվեն հետո։ «Մենք մեր գործը կանենք, կհասկանանք, թե հանրային ինչպիսի պահանջարկ կա, և ըստ այդմ էլ որոշում կկայացնենք»,- հավելել է նա։











