Հակակոռուպցիոն կոմիտեն հանցակազմ չի հայտնաբերել Հայաստանի վարչապետի տիկնոջ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեջ։ Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Անդրադառնալով հիմնադրամի գործունեության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին հարցին՝ Նահապետյանը հայտարարել է, որ որևէ հանցակազմ չի հայտնաբերվել։
Այն հարցին, թե արդյոք դա կապված է այն հանգամանքի հետ, որ հիմնադրամն ասոցացվում է վարչապետի ընտանիքի հետ, կոմիտեի նախագահը հակադարձել է՝ ասելով, թե «դա ձեր գնահատականն է»։ Նահապետյանը կրկնել է, որ իրավական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե խոսվի ինչ-որ կապի մասին, ապա նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման հետ կապված իրավիճակն ամեն դեպքում չի մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ «Անկախ դիտորդը» հայց է ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վարչապետի տիկնոջը և հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին՝ նախընտրական շրջանում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ կապված 15 տարբեր միջադեպերի համար։











