Մինչ Ադրբեջանում անհամբեր սպասում են մայիսի 26-ին` Բաքվում կայանալիք  «Եվրատեսիլ» 2012 երգի մրցույթին, գերմանական մամուլը ողողվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակումներով: Մասնավորապես, հոդվածներ են տպագրվել Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին գերմանական այնպիսի ծանրակշիռ պարբերականներում, ինչպիսիք են «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե», «Դի ցայթ», «Թագեսշաու» եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթերում, «Շպիգել, «Նթֆ» կայքէջերում, ինչպես նաեւ երկրամասային մի շարք թերթերում:

Հոդվածներում նշվում են.

- Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ձերբակալված լրագրողների, խոսքի ազատության սահմանափակումների, ընդդիմադիրների ձերբակալությունների մասին:  Հրապարակումներում մեջբերումներ են կատարվում ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մ. Լյոնինգի վերջին ժամանակների հայտարարություններից, որտեղ նա կրկին անգամ հիշեցրել է, որ այդ երկրում մինչ օրս կա 18 քաղբանտարկյալ, ինչպես նաեւ 6 ձերբակալված լրագրող:

- Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն քննադատում են ԵՄ-ին եւ ԵԽ-ին` նշելով, որ երկու կառույցներն էլ ճնշում չեն գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա: Ըստ նրանց` նավթային հանքերի եւ դրանից բխող տնտեսական հետաքրքրությունների պատճառով Եվրոկառույցների ներկայացուցիչները իրենց հայտարարություններում  ծայրաստիճան զգուշավոր մոտեցում են ցուցաբերում:  

- Լյոնինգը  կոչ չի անում բոյկոտել Եվրատեսիլը, սակայն  նա նույնպես գտնում է, որ ԵՄ-ն եւ ԵԽ-ն պետք է իրենց մոտեցումներում լինեն խստապահանջ եւ հստակ լեզվով խոսեն իրենց գործընկերների հետ: Նա խորապես հիասթափված է Եվրոխորհրդից, քանզի  վերջինս ցայսօր չի կիրառել ոչ մի պատժամիջոց այդ երկրի դեմ:

- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության թղթակիցները նշում են, որ այդ երկրում 20-ից ավել հեռուստաընկերություններ գտնվում են իշխանությունների անմիջական ազդեզության ներքո, իսկ թերթերի եւ ամսագրերի 80 տոկոսից ավելին` պետության ձեռքում են:  Անգամ բլոգերները, որոնք հանդես են գալիս ալիեւյան ռեժիմի դեմ, անմիջապես ձերբակալվում են:   

- Գերմանական թերթերի հրապարակումներում  քննադատության են ենթարկվել նաեւ ադրբեջանական այսպես կոչված տնտեսական «հաջողությունները»: Մասնավորապես նշվում են, որ քաղաքաշինության զարգացման նպատակով վերացվում են Բաքվի զբոսայգիները, քանդվում են բնակելի շենքերը` բնակիչներին չտրամադրելով փոխհատուցում: Բացահայտորեն խախտվում են սեփականատերերի իրավունքները: Ընդհանուր առմամբ անկախ փորձագետների գնահատմամբ արդեն 20.000 շենք է քանդվել, իսկ նախկին բնակիչներին դրա դիմաց կամ փոխհատուցում չի տրամադրվել, կամ տրվել են չնչին գումարներ: 

- Հոդվածների հեղինակները կոչ են անում Եվրատեսիլի մասնակիցներին եւ այցելուներին աչք չփակել Բաքվում  տեղ գտած անարդարությունների վրա եւ այդ  միջոցառմանը չվերաբերել ուղղակի որպես մշակութային միջոցառման` մոռանալով այդ երկրում մարդու իրավունքների վիճակը:   

Գերմանական լրատվամիջոցների իրար հաջորդող ապտակներին արձագանքեց Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը: Բայց ադրբեջանցիները չեն բավարարվել եւ  հակագերմանական հայտարարությունները մամուլի էջերից տեղափոխել են նույնիսկ Ադրբեջանի խորհրդարան։ Ադրբեջանի խորհրդարանում հնչեցրել են գերմանացիների հասցեին ոչ պարկեշտ հայտարարություններ: Մասնավորապես իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության  փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովն ասել էր, որ «Գերմանիայում գործող որոշ ուժեր մի նոր մարտավարություն են որդեգրել, որի նպատակն է խաթարել Ադրբեջանի վարկը, իսկ Բաքվում Գերմանիայի դեսպանը այդ մարտավարության բաղկացուցիչ մասն է կազմում»: