«Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ խախտվել են հավասարության և արդարության սկզբունքները։ Այս մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Նա ընդգծել է, որ քվեարկության նախնական արդյունքները պայմանավորված են ընտրական գործընթացին ահռելի ծավալի միջամտությամբ և չեն արտահայտում ընտրողների կամքը։ Գոհար Մելոյանը հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ 700 ներկայացուցչի ձերբակալման և կալանավորման մասին, հավելելով, որ նրանց թվում եղել են նաև կուսակցության անդամ հանդիսացող տարեց կանայք։ Մելոյանի հայտարարությամբ՝ սա արվում է բացառապես մարդկանց ահաբեկելու նպատակով։ Նրա խոսքով՝ մարդկանց տանից տարել են վաղ առավոտյան, հարցաքննել, ապա ոմանց բաց թողել, ընդ որում՝ ժամեր շարունակ թույլ չտալով, որ փաստաբանները ներս մտնեն։ Այս մասով արդեն համապատասխան հայցեր են ներկայացվել։ Մելոյանը նկատել է, որ նման գործելաոճ վաղուց չէր կիրառվել, և ցավով արձանագրել, որ իրավապահ մարմինները վերածվել են իշխանություններին սպասարկող կառույցների։ «Կա ծանուցման և կանչի ընթացակարգ, սակայն «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում, երբ որևէ բազմամարդ միջոցառում էր անցկացվում, անմիջապես հարձակում էր գործվում գրասենյակի ու շտաբի վրա, խուզարկություններ էին արվում, մարդկանց բերման էին ենթարկում։ Հատկապես՝ գյուղական բնակավայրերում»,- հավելել է Մելոյանը։

Կուսակցության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ընտրական գործընթացներին հետևելու իր ողջ հարուստ փորձն ուղղել է վստահված անձանց համակարգի ստեղծմանը, ըստ որի՝ բոլոր տեղամասերում եղել է 3-ական վստահված անձ։ Իշխանությունները նրանց ձերբակալել են մի քանի փուլով, իսկ հետապնդումների շղթան դեռ շարունակվում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) միջնորդություններ են ներկայացվում պատգամավորության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու համար, իսկ ինքը՝ Սամվել Կարապետյանը, այդպես էլ հնարավորություն չստացավ մասնակցելու նախընտրական քարոզարշավին։ Մելոյանն ընդգծել է նաև, որ ոստիկանության ռեսուրսների ու ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ՝ կտրուկ աճել է հանցագործությունների թիվը։ Նրա խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավապահների առաջնահերթ առաքելությունը դարձել է իշխանությունների քաղաքական օրակարգին սպասարկումը։