Էլիտար քոթեջային ավանի թիկնապահները բնապահպան Սուրեն Ղազարյանին եւ նրա փաստաբանին մեղադրում են հեռախոսով եւ լուսանկարչական ապարատով թիկնապահի ծեծի ենթարկելու մեջ: Նշենք, որ այդ ավանում է գտնվում Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւին պատկանող տարածքը:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», բնապահպանների տվյալներով` մարտի 13-ին քոթեջային ավանի տարածքում տեղի ունեցած միաջդեպից հետո թիկնապահներ Կազարեւին եւ Յարիշկոյին հոսպիտալացրել են` իբր ուղեղի ցնցումով, իսկ ապրիլի 11-ին կատարվել է դատաբժշկական եզրակացություն`բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա: Ստացվում է, որ բնապահպանը կարողացել է հեռախոսով այնպես հարվածել թիկնապահին, որ նա ուղեղի ցնցում ստանա:
Ապօրինի կալանքից անմիջապես հետո Վիկտոր Դուտլովը դիմում էր գրել դատախազություն` նշելով, որ թիկնապահները խլել էին իրենց լուսանկարչական ապարատը, որով լուսանկարվել է հարձակման եւ կողոպտման փաստը:
Սակայն գործը շրջվել է բնապահպանի եւ նրա փաստաբանի դեմ: Ինչպես պնդում են դատախազությունում, լուսանկարչական ապարատը համարվում է որպես իրեղեն ապացույց, որով հարված է հասցվել թիկնապահին:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ավելի վաղ ակտիվիստներ Սուրեն Ղազարյանին եւ Եվգենի Վիտիշկոյին մեղադրանք էր առաջադրվել «գույքի միտումնավոր ոչնչացման կամ վնասման մեջ, որն իրականացվել է խուլիգանական նկատառումներով»: 2011 թվականի նոյեմբերի 13-ին Ղազարյանը եւ Վիտիշկոն ակցիա էին անցկացրել սեւծովյան ափամերձ տարածքի պաշտպանության օգտին: Ըստ հետաքննության վարկածի` բնապահպանները փշալարերով գրոտել էին Տուապսեի մոտ գտնվող շքեղ առանձնատան ցանկապատին: Նոյեմբերի 21-ին քրեական գործ էր հարուցվել:
Կատարվել է փորձաքննություն, ըստ որի ցանկապատին հասցվել է ավելի քան 119 հազար ռուբլու վնաս, որի հետ կտրականապես համաձայն չի մեղադրյալների պաշտպանությունը: «Դա անտառում սովորական ցանկապատ է», - ասել էր փաստաբան Մարինա Դուբրովինան: «Ոչ թե պատմական հուշարձան է, այլ ժամանակավոր կառույց: Ամբողջ մեղադրականը կառուցված է կասկածելի փորձագիտության վրա, որում ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես է հաշվարկվել նման չափի վնասը», - նշել էր նա:




























