Հարավային Կորեայի նավահանգստային Պուսան քաղաքի կարաոկե բարում մայիսի 5-ին հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 9 մարդ զոհվել է, այդ թվում` Շրի Լանկայի երեք քաղաքացիներ: Ուժեղ այրվածքներ է ստացել 25 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են: Զոհերի մեծամասնությունը խեղդվել են ծխից:
Ականատեսների վկայությամբ` հրդեհի հետեւանքով ծուխն արագ տարածվել է եռահարկ շինությունում, եւ այցելուների համար շատ դժվար է եղել արագ լքել հաստատությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը, քանի որ վկաներից մեկը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է պայթյուն հիշեցնող ձայնից հետո:




























