Հունաստանում սկսվել են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Վերջին հարցումներով` երկրի քաղաքական կյանքում արդեն գրեթե քառասուն տարի գերիշխող երկու կուսակցությունների` սոցիալիստական ՊԱՍՕԿ-ը եւ պահպանողական «Նոր ժողովրդավորթյունը» բավարար ձայներ չեն հավաքի կառավարություն ձեւավորելու համար:

Երեքտոկոսանոց արգելքը, որն անհրաժեշտ է խորհրդարան անցնելու համար, այս ընտրություններին կարող են հաղթահարել մինչեւ տասը կուսակցություններ, դա աննախադեպ բարձր թիվ է, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Ուրբաթ օրը` վերջին նախընտրական հանրահավաքում ՊԱՍՕԿ կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախկին նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել էր, որ եթե ընտրողները քվեարկեն Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ համաձայնեցված տնտեսական քաղաքականության  հակառակորդների օգտին, երկրին կսպառնա դեֆոլտը եւ զանգվածային աղքատությունը:

Բոլոր կուսակցությունները, բացի իշխողներից եւ ոչ մեծ «Դեմոկրատական դաշինքը», դեմ են ծախսերի կրճատման քաղաքականությանը` ԵՄ եւ ԱՄՀ-ի վարկերի դիմաց: Իրենց հերթին առաջատար երկու կուսակցությունները վարկատուներին գրավոր երաշխիքներ են ներկայացրել, որ համաձայնագրին կհետեւեն նաեւ ընտրություններից հետո: