Մալիի հյուսիսում տուարեգները պղծել են տեղական սրբությունը` սուրբ Սիդի  (Մահմուդ Բեն) Ամարի դամբարանը Թիմբուքթուում:
 «Անսար ալ-Դին» իսլամական խմբավորման ապստամբներն այրել են դամբարանը, որն նդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, հրդեհի արդյունքում այրվել են դռները, պատուհանի շրջանակները եւ փայտե դարպասները, հայտնում է   «vesti.ru»-ն:

AFP-ն իր հերթին հայտնում է, որ վանդալիզմն իրագործվել է  «Ալ Կաիդան իսլամական Մահրիբում» ահաբեկչական կազմակերպության մասնակիցների կողմից:

Երկրում կարող են անկարգություններ բռնկվել, քանի որ տեղի բնակիչների համար այրված դամբարանը սուրբ վայր է: Իսլամականները խոստացել են վերադառնալ եւ ոչնչացնել սրբերի մնացած գերեզմանները, քանի որ նրանց տեսանկյունից սրբերին երկրպագելը կռապաշտություն է,  «հարամ» (մեղք):

Ավելի վաղ գիտության եւ արվեստի կրթության (ՅՈՒՆԵՍԿՕ) հարցերով  ՄԱԿ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Մալիի ռազմական իշխանություններին եւ ապստամբ տուարեգներին կոչ էր արել պահպանել Թիմբուքթուի`  հնագույն աֆրիկական քաղաքներից մեկի ճարտարապետական ձեռքբերումները, որը 1988 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ներկայումս Մալին սուր ռազմաքաղաքական ճգնաժամ է ապրում: Երկրի հյուսիսային շրջանները վերահսկվում են տարբեր զինված խմբավորումների կողմից, այդ թվում նաեւ իսլամիստ ծայրահեղականների, ապստամբ տուարեգների եւ հանցագործ խմբավորումների կողմից: