Ֆրանսիայում մայիսի 6-ին տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի հաղթողը կարող է դառնալ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը: Առաջին փուլում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն ստացել էր ձայների 28,6%-ը` առաջ անցնելով գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից, որը հավաքել էր 26,2%:
Ներկայիս նախընտրական ծրագրի հիմնական թեմաներն են դարձել աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը, նշում է BBC-ն:
Ֆրանսիայի հիմնական մասերում եւ Կորսիկայում գտնվող ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 08.00-ին` մինչեւ 18.00-ն (06.00-ից մինչեւ 16.00-ն` ըստ Գրինվիչի): Մեծ քաղաքներում տեղամասերը կփակվեն 2 ժամ ուշ:
Նախընտրական քարոզարշավի վերջին օրերին թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում էր ստանալ ընտրողների աջակցությունը, որոնք առաջին փուլում քվեարկել էին աջ Մարին Լե Պենի եւ կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի օգտին: Լե Պենին աջակցել էր 6,4 միլիոն ֆրանսիացի, նա չի աջակցել ոչ մի թեկնածուի` իր համախոհներին ազատ ընտրություն թողնելով: Բայրուն ստացել էր ձայների 9%-ը, նա հայտարարել էր, որ կաջակցի Օլանդին: Սոցիալիստների թեկնածուին նաեւ աջակցել է ձախ քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնը, որի օգտին առաջին փուլում քվեարկել էր 11%-ը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում նաեւ Հունաստանում, եւ BBC-ն նշում է, որ Ֆրանսիայում եւ Հունաստանում ընտրողները մայիսի 6-ին քվեարկում են ընտրություններում, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ եվրագոտու ապագայի համար: Սարկոզին նրանցից մեկն էր, ով պնդեց, որ այն ստորագրեն 25 եվրոպական երկիր:
Հունաստանում խորհրդարանական ընտրությունները դիտարկվում են որպես հանրաքվե երկրում կոշտ տնտեսական քաղաքականության վերաբերյալ` միջազգային ֆինանսական օգնության փոխարեն: Պետծախսերի կրճատումն աջակցող կուսակցությունների պարտությունը կնշանակի եւ մեկ քայլ դեպի դեֆոլտը, ինչը կբարձրացնի եվրագոտուց Հունաստանի հեռացման հարցը:




























