Մայիսի 5-ին Գուանտանամոյում ռազմական դատարանի նիստի ընթացքում ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման համար 5 մեղադրյալների պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Նրանք մեղադրվում են դավադրության կազմակերպման, ֆիզիկական  միտումնավոր վնաս հասցնելու, սպանության, պատերազմի կանոնների խախտման, ավերածություններ պատճառելու, ինքնաթիռի գողացման եւ ահաբեկչության մեջ:

Մեղադրյալների շարքում է Հալիդ Շեյխ Մոհամադը, որը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչության կազմակերպիչն է:

Ինչպես նշում է AFP-ն, բոլոր 5 մեղադրյալները հրաժարվել են պատասխանել` արդյոք իրենց մեղավոր ճանաչում են: Ավելին, ահաբեկիչներն արհամարհել են դատարանը նիստի ամբողջ ընթացքում:  Նրանք հանել են ականջակալները, որոնցով համաժամանակյա թարգմանություն էր հնչում արաբերենով, ծնկի են իջել եւ սկսել աղոթել: Ավելի ուշ նրանցից երկուսը հանել են եւ սկսել թերթել Economist ամսագիրը:

Նույնիսկ երբ դատարան է հրավիրվել թարգմանիչը, մեղադրյալներն անմասն են մնացել  տեղի ունեցածին, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: Միայն մեղադրյալներից մեկը` Ռամզի բեն աշ Շիբխն է մեկ անգամ խախտել լռությունը, եւ ակնարկել Գունտանամոյի բանտում իրենց հետ վատ վերաբերմունքի մասին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերերին եւ Պենտագոնի շենքին էին բախվել ահաբեկիչների կողմից կառավարվող երեք ինքնաթիռներ: 4-րդն ընկել է Փենսիլվանիա նահանգում: Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 3 հազար մարդ աշխարհի 80 երկրից:  Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ալ Կաիդան»: