Այս պահին Հայաստանի համար գազի գնի բարձրացման հետ կապված որևէ գործընթաց չկա։ Հունիսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ այս հարցով միակ քայլն արվել է մոտ 20 օր առաջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատանք է տանում «Գազպրոմի» գործընկերների հետ։
«Այս պահին հավելելու ոչինչ չունեմ։ Նորություն չկա, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Գազամատակարարումն իրականացվում է սահմանված գրաֆիկով և գործող սակագներով։ Ինչպես գիտեք, սակագները հստակեցված են այն պայմանագրերով, որոնք ուժի մեջ են մինչև ընթացիկ տարվա վերջ և 2027 թվականի սկիզբը»,- նշել է Խուդաթյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բացառում է սակագների բարձրացումը մինչև նշված ժամկետի լրանալը, նախարարը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց այս պահին մենք ունենք հենց այն իրավիճակը, որը ես նկարագրեցի։ Իմ կարծիքով՝ լրատվամիջոցներում ներկայացված պատկերը շատ ավելի վատ էր երևում, քան իրականում կա։ Կրկնում եմ՝ այսօր գազամատակարարումն իրականացվում է անխափան ձևով, գազը ստանում ենք նույն գնով, ինչ նախկինում, իսկ մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ աշխատել բնականոն հունով»։
Խուդաթյանի խոսքով՝ գործադիրը վերահսկում է ռիսկերը, այդ թվում՝ սակագների հնարավոր թանկացման հետ կապված ռիսկերը։ Նախարարը չի հստակեցրել, թե հստակ ինչպես է հայկական կողմը չեզոքացնում այդ ռիսկերը՝ «Փակագծերը չեմ բացի։ Միայն կասեմ, որ իրավիճակն ամենևին այնպիսին չէ, ինչպիսին կարող է թվալ առաջին հայացքից»,- նշել է նա։
Անդրադառնալով այն հավանականությանը, որ ռուսական կողմը կարող է Հայաստանի համար եվրոպականին մոտ սակագներ սահմանել, նախարարն ընդգծել է, որ չի կարող նման կանխատեսումներ անել, սակայն վստահեցրել է, որ «Հայաստանի քաղաքացիներն այս հարցում մտահոգվելու պատճառ չունեն»։
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք ռուսական կողմը կարող է միակողմանիորեն խզել գործող պայմանագիրը։ Ի պատասխան՝ Խուդաթյանը հայտարարել է, որ նման քայլի համար համապատասխան հիմքեր են պետք։
«Պայմանագիրը միակողմանիորեն չեղարկելու համար հիմքեր են անհրաժեշտ։ Մենք արդյունավետորեն համագործակցում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել»,- ընդգծել է նախարարը։











