Ճիշտն ասած, որ փոխհատուցման էս գները նայեցի, առաջին հարցը, որ ծագեց հետևյալն էր, համոզվա՞ծ եք, որ հետո ստիպված չենք լինելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև այսպես մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին կառավարության նիստի ժամանակ կատակով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանից ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը խթանելուն ուղղված որոշմանը։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ասաց, որ այս չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի են առնվել սեզոնայնությունը։ Ապրանքների սեզոնայնությունը ունի գնի նկատմամբ զգայունություն այս փուլում, քանի որ գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է եղանակային պայմանների արդյունքում, օրինակ, ծիրանի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին, այնինչ, նախորդ տարի մայիսի 25-30-ից արդեն բերքահավաքը մեկնարկել էր, և դրա համար գնային տարբերությունները այդ նկատառումներով են հաշվարկված։
Փաշինյանը ժպտալով արձագանքեց. «Պարզ է, որ որոշակի լարվածություն կա, ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ իրենց բարեկամներին ասեն՝ մի քիչ մեզ ծիրան ուղարկեք, մենք այստեղ ծիրան չենք կարողանում գտնել։ Ես նկատի ունեմ օպերատիվ նաև մոնիտորինգ անենք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Անտրամաբանական գնաճեր կարող են լինել և այլն։ Նաև պետք է հաշվի առնել զբոսաշրջության մեծ հոսքերը, որոնք նույնպես սպառում էականորեն ավելացնելու են։ Պետք է հաշվի առնել ընտրակաշառքի մեծ ծավալները, որոնք էլի սպառումը ավելացնելու են և ոնց որ թե արդեն ավելացրել են»։
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով.
Ծիրանի մեկ կգ–ի համար – 200 դրամ,
Սալորի, դեղձի և նեկտարինի 1 կգ–ի համար – 250 դրամ,
Կեռասի 1 կգ–ի համար – 400 դրամ,
Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար – 350 դրամ,
Շշալցված բրենդիի յուրաքանչյուր լիտրի համար – 830 դրամ,
Հանքային ջրի յուրաքանչյուր լիտրի համար – 150 դրամ։
Խոջոյանը տեղեկացրեց, որ հունիսի 1–ից արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 900 կգ ծիրան և այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա վերջին ստանալ փոխհատուցում։











