Կյանքի միջին վիճակագրական մոդելը կրթություն, աշխատանք, բարեկեցություն. սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից և մանկապարտեզից։ Սա է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցում, դպրոցներում և հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք պաստառ ենք տեղադրում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև, քան կրթությունը, գոյություն չունի։

Մարդը պետք է հասկանա, եթե ինքը չունի տուն, ի՞նչ պետք է ինքը անի, պետք է աշխատի և վաստակի տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Եթե չունի մեքենա, եթե ունի վարկ, պետք է աշխատի և վաստակի իր վարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ եկամուտներ։

Վարկային պատմությունների դեպքում էլ սոցիալ-հոգեբանական մակարդակում շատ կարևոր բան կա. մարդիկ անընդհատ ասում են՝ վարկ ունեմ, ինչո՞վ կարաք օգնեք։ Մարդը շատ մեծ տարբերություն է դնում, ինքը բանկից է այդ փողը վերցրել, թե հարևանից, որովհետև ոչ մեկ չի գալիս ասի՝ հարևանիս պարտք եմ, չեմ կարում պարտքը տամ, կարո՞ղ է դուք փակեք այդ պարտքը։ Մարդը համարում է, որ եթե բանկից է վերցրել, դապետական փող է, բայց չեն արձանագրում, որ բանկերի տրամադրված վարկերի մի հսկայական մասը իր հարևանի այդ բանկում դրած ավանդն է։

Ես չեմ ուզում թաքցնեմ, եղել է, որ ամեն օր մարդիկ նամակ են գրել, ասել են՝ այսօր ես ինքնասպանություն եմ գործելու, եթե այսօր իմ վարկը չփակեք։ Եվ կան մարդիկ, որ արդեն մի տարի այդ նամակը գրում են ամեն օր։ Սա պրոբլեմ է, մարդը պետք է հասկանա, որ իր պարտքը իր պրոբլեմն է։ Եթե մեզնից յուրաքանչյուր մի պատասխանատվություն վերցնում է, ինքը չպիտի վերցնի այն հույսով, որ այ մի ուրիշը կգտնվի կամ պետությունը, կամ հարևանը, կամ բարեկամը կգա, այդ պատասխանատվությունը կկրի։ Դա վատ բան է, դա ապասոցիալական և ապահանրային գործելակերպ է»,–ասաց Փաշինյանը։