2012 թվականի մայիսի 6-ին Սերբիայում միաժամանակ տեղի են ունենում խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ:
Նրանցում գլխավոր մրցակիցները լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդ, երկրի նախագահ Բորիս Տադիչն է, եւ աջ-պահպանողական պոպուլիստական Առաջադիմական կուսակցությունը, որը գլխավորում է Տոմիսլավ Նիկոլիչը:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Առաջադիմական կուսակցությունն աննշան առավելությամբ գերազանցում է Բ. Տադիչի Դեմոկրատական կուսակցությանը: Սակայն, ըստ քաղաքագետների, դեմոկրատներն ավելի շատ հնարավորություններ ունեն համոզելու փոքր կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար, հայտնում է rbc-ն:
Սպասվում է, որ մայիսի 6-ի ընտրություններում չի բացահայվի նախագահական մրցապայքարի հաղթողը: Այդ դեպքում երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 20-ին: Բացի Բ. Տադիչից եւ Տ. Նիկոլիչից նախագահական ընտրություններին մասնակցում են 10 թեկնածու:
Հիշեցնենք, որ Սերբիայի գործող նախագահ Բորիս Տադիչն ապրիլի սկզբին հրաժարական էր տվել, որպեսզի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեին խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ: Անմիջապես հրաժարականից հետո նա հայտարարել էր նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու իր մտադրության մասին: Նրա հրաժարականը միաժամանակ եւ ռազմավարական քայլ էր` արված ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով, եւ բյուջետային միջոցները խնայելու պատրվակ:




























