Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը քվեարկել է իր կուսակցության օգտին եւ հանուն այն բանի, որ երկրում արմատախիլ արվի կաշառակերությունը, Հայաստանը ուժեղ լինի միջազգային ասպարեզում, երկիր վերադառնան այն լքողները, եւ ոչ ոք այլեւս չհեռանա: Այդ մասին նա հայտարարել է Երեւանի 10/8 ընտրատեղամասում քվեարկելիս:
Վ. Հովհաննսիյանը հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ քվեարկությանը մասնակցած մարդկանց հրապարակված ցուցակները չեն դիտարկվի որպես մարդու իրավունքների խախտում:
«Ես հուսով եմ, որ այդ ամենն առջեւում է, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք`ՍԴ-ի երեկվա որոշումը դրա ապացույցն է», - ասել է ՀՅԴ-ի անդամը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Տվյալ ընտրատեղամասում մեծամասնական համակարգով ՀՅԴ-ն աջակցում է «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանի թեկնածությունը, որը Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն է:
Հիշեցնենք, մայիսի 5-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել էր Հայաստանի խորհրդարանի 28 պատգամավորների հայցադիմումը, որով պահանջվում էր հակասահմանադրական ճանաչել Հայաստանի Ընտրական օրենսգրքի այն դրույթները, համաձայն որոնց արգելվում է հրապարակել ստորագրված ընտրացուցակները:
Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակում 85 անուն է առկա: Առաջին եռյակում են ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Մեծամասնական համակարգով ՀՅԴ-ում 8 թեկնածուներ են առաջադրված:




























