«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված քվեարկությանը մասնակցած ընտրողների անձնագրերում դրվող դրոշմակնիքների օքսիդացման հետ։ Հայտարարությունում նշվում է. «Հայաստանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող եւ մեր նախընտրական շտաբի հետ կապ պահպանող մեր վստահված անձիք եւ տեղական դիտորդները արձանագրել են, որ անձագրերում դրվող օքսիդացող դրոշմակնիքները անհայտանում են մոտավորապես 10-15 րոպե հետո։ Մենք պատրաստ ենք միջազգային դիտորդներին ներկայացնելու բազմաթիվ քաղաքացիների անձնագրեր, որտեղ դրոշմակնիքները շատ արագ օքսիդացել են։ Սա «Ընտրական օրենսգրքի» պահանջների կոպտագույն խախտում է, ինչը հնարավորություն է ստեղծում տարբեր տեղամասերում նույն անձի կրկնակի քվեարկության համար։
Բողոքելով ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա ազդող այս խայտառակ փաստի կապակցությամբ, մենք ակնկալում ենք ընտրական գործընթացին հետեւող միջազգային դիտորդական կազմակերպությունների անաչառ քննությունը եւ գնահատականը»։
Հիշեցնենք, որ այդ խնդրի առնչութամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հավաստիացրել է, որ խնդիրը տեխնիկական է եղել եւ արդեն կարգավորվել է:
«Դա ընդամենը եղել է թանաքանյութը առանց թափահարելու օգտագործելու հետեւանքով: Խնդիրն արդեն կարգավորված է»,-ասել է Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:




























