Երեւանի Կենտրոնի 9/11 ընտրատեղամասում քվեարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

«Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Իսկ թե ի՞նչ էի մտածում, պարզ է՝ ուզում եմ, որ և այսօր, և վաղը, և մյուս օրն  ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների ընթանա: Եվ կարծում եմ, առաջընթացի գրավականը հենց դրա մեջ է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սարգսյանը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել լրագրողներին` «այս ընթացքում քաղաքական ուժերին լավ հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի իրենց ծրագրերը կարողանան ներկայացնել մեր հանրությանը»:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ է դնելու նոր խորհրդարանի առաջ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Խորհրդարանը կլինի, այն ժամանակ էլ խնդիրները կդրվեն»:

Հիշեցնենք,  պետության ղեկավարը նաեւ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է:

Նշենք, որ նույն ընտրատեղամասում կեսօրին պետք է քվեարկի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի