Քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում պահպանել սառնասրտությունը եւ ընտրությունների օրը խուճապ սերմանող հայտարարություններ չանել, հատկապես այդ կոչը վերաբերում է մեր կոալիցիոն գործընկերներին:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի տարածած հայտարարությունը:
Շարմազանովը քաղաքական ուժերին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանն այն մասին, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է: «Ես ինքս առավոտյան քվեարկել եմ, անձնագիրը մոտս է, եւ դրված կնիքը նորմալ երեւում է: Նման խնդիր չկա, եւ պետք չէ ավելորդ իրարանցում ստեղծել, քաղաքական հայտարարություններ անել: Ընտրություններն ընդամենը քաղաքական գործընթաց է, եւ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր գցել ընտրական գործընթացի վրա, դա չի հաջողվի: Մենք վճռական ենք տրամադրված երկրում ազատ, թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում, եւ քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում` մեր որոշ կոալիցիոն գործընկերները, որոնք սկսել են բարձրագոչ հայտարարություններ անել, թող հանգիստ հետեւեն ընտրությունների ընթացքին:
Հիշեցնենք, քաղաքական որոշ ուժերի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի քվեարկած քաղաքացիների անձնագրերում դրված կնիքները, որոնք պետք է ջնջվեն 12 ժամ անց, ցնդել են մի քանի ժամից, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է լրագրողներին, որ դա տեխնիկական խնդիր է, որն արդեն լուծվել է:
«Պատճառն այն է, որ օգտագործելուց առաջ թանաքամանները չեն թափահարել: Խնդիրն արդեն լուծված է»,- ասել է Մուկուչյանը:




























