Բուենոս Այրեսում եւ Արգենտինայի 16 քաղաքներում մարիխուանայի օրինականացման համար երթեր են տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները վստահ են, որ «թույլ թմրանյութերի օգտագործման օրինականացումը կօգնի թմրամաֆիայի դեմ պայքարին, քանի որ կզրկի նրան ստվերային եկամուտներից»: Միաժամանակ նրանք պահանջում են թույլ տալ կանեփի աճեցումն անձնական օգտագործման համար եւ ընդունել անվճար եւ կամավոր ազգային ծրագիր թմրակախվածությունից բուժվել ցանկացողների համար: 

Բուենոս Այրեսում Կոնգրեսի դիմացի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել, որում ներկա գտնվողների մեծամասնությունը միասնական մարիխուանա էին ծխում: Ըստ ոստիկանության տվյալների` ակցիային մասնակցում էին շուրջ 20 հազար մարդ: Սակայն կազմակերպիչները պնդում են, որ երկու ագամ ավելի շատ մարդ է եղել, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Մարիխուանայի օրինականացմանն ուղղված երթերը Global Marijuana March ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ աշխարհում տեղի են ունենում 1999 թվականից: Այդ տարի լատինաամերիկյան տարածաշրջանում նման երթեր են տեղի ունեցել Բրազիլիայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Մեքսիկայում, Պարագվայում, Պերուում, Չիլիում եւ Ուրուգվայում:

Ըստ թմրանյութերի վերահսկման Միջազգային հանձնաժողովի տվյալների` մարիխուանան շարունակում է մնալ ամենահայտնի թմրամիջոցը (այն ամբողջ աշխարհում ծխում է բնակչության  4, 4 տոկոսը):

Կանեփն, ինչպես նաեւ նրանից ստեղծված թմրանյութերը, օրենքով արգելված է համարյա ամբողջ աշխարհում` բացառությամբ մի քանի երկրների, որոնցում թույլատրվում է աճեցնել  որոշակի քանակություն կամ էլ ձեռք բերել փոքր խմբաքանակ անձնական օգտագործման համար: Այդպիսի երկրների շարքում են Պորտուգալիան, Յամայկան, Կանադան, Չեխիան, ԱՄՆ-ի որոշ նահանգներ, Իսպանիան եւ Նիդեռլանդները: