Ֆրանսիայի նախագահ թեկնածու Ֆրանսուա Օլանդը Կորրեզ դեպարտամենտի Տյուլ քաղաքում, որտեղ երկար ժամանակ քաղաքապետ է աշխատել, քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նա Կորրեզ է ժամանել նախօրեին` իր կողակցի` լրագրողուհի Վալերի Թրիերվեյլերի հետ:

Օլանդը բոլոր ընտրությունների ընթացքում հավատարիմ է նույն ավանդույթին: Առավոտյան նա սուրճ է խմել քաղաքի կենտրոնում, հետո ուղեւորվել է ընտրատեղամաս: Մուտքի մոտ նա ողջունել է համակիրներին եւ լուսանկարվել նրանց հետ, նաեւ ձեռքով բարեւել է լրագրողներին եւ տեղի բնակիչներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրատեղամասում Օլանդը երկու քվեաթերթիկ է վերցրել` իր եւ Նիկոլա Սարկոզիի համար, մտել է քվեախցիկ` հարկավոր քվեաթերթիկը դնելով ծրարի մեջ: Այնուհետեւ թեկնածուն կարճ հարցազրույց է տվել եւ քվեաթերթիկով ծրարը գցել քվեատուփի մեջ:

Քվեարկությունից հետո սոցիալիստ թեկնածուն մտադիր է այցելել այլ ընտրատեղամասեր, իսկ այնուհետեւ կգնա Le Centrale ռեստորան, որտեղ նրա համար բադից պաշտետ կպատրաստեն, մի կտոր հորթի փափկամիս եւ ելակով բլիթ: Թարմ ուժերով Օլանդը կայցելի քաղաքում եւ քաղաքից դուրս  եւս մի քանի ընտրատեղամասեր: Այնուհետեւ նա կուղեւորվի պատգամավորների խորհրդի նախագահի իր սենյակը, որտեղ կսպասի քվեարկության նախնական արդյունքներին: 

Սոցիալիստ թեկնածուն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ժամը  20.00-ից հետո (երեւանյան ժամանակով` 22.00-ին)` քաղաքի կենտրոնական հրապարակում: