Հայաստանի գլխավոր դատախազության թեժ գծով 8.00-ից մինչ այս պահը (ժամը 12:00-ն) ստացվել է մոտավորապես 15 ահազանգ եւ հիմնական ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին եւ լիազորությունների խոչընդոտմանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, բոլոր ահազանգերը պատշաճ կարգով գրանցվել են եւ անմիջապես ուղարկվել ոստիկանության բաժիններ եւ համապատասխան տարածքային դատախազությունների միջոցով հանձնարարվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել: Միաժամանակ մոնիթորինգ է ձեռնարկվում լրատվամիջոցների եւ ինտերնետային կայքերի նկատմամբ:
«Այն ամենն, ինչ վերաբերում է ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, արձանագրվում է եւ ընթացք տրվում, եթե լինում են կոնկրետ հանցագործության հատկանիշներ: Այսինքն` որոնք ոչ թե ընդհանրական, այլ ավելի առարկայական մատնանշվում է դեպքի վայրը եւ գործող անձիք: Այդ ամենին եւս ընթացք է տրվում: Քիչ արդեն ուշ կունենանք առաջին արդյունքները եւ արդյունքների մասին կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,- նշեց Սոնա Տռուզյանը:
Ի դեպ, հիմնական ահազանգերը եղել են Էրեբունի վարչական շրջանից, Շիրակի եւ Արագածոտնի մարզերից:




























