Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի մահափորձի գործով տվյալ պահին ձերբակալված է 6 մարդ: Վերջինը ձերբակալվել են երկու եղբայրներ Էդգար եւ Էդլար Չիտանավաները:
Էդլար Չիտանավան ձերբակալվել էր ապրիլի 28-ին: Մեկ շաբաթ անց` մայիսի 4-ին, կալանքի տակ էր առնվել Էդլարի հարազատ եղբայր Էդգար Չիտանավան: Էդգարի անձնական խուզարկության ժամանակ, որը թաքնվել էր անտառում, նրա մոտ «ՏՏ» տեսակի ատրճանակ եւ զինամթերք էր հայտնաբերվել, հայտնել էին Աբխազիայի Գլխավոր դատախազության հետաքննական վարչությունում, հաղորդում է «vesti.ru»-ն:
Ավելի վաղ` ապրիլի 12-ին, մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել, իսկ ապրիլի 14-ին կալանավորվել էին 4 մարդ` Թիմուր եւ Ալխաս Հութաբաները, Անզոր Բութբան եւ Ռամզի Հաշիգը:
Հիշեցնենք, որ մահափորձի հետաքննության գործում կան նաեւ զոհվածներ: Ապրիլի 17-ին ձերբակալության փորձի ժամանակ ինքն իրեն կրակել էր ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Կչաչը: Նա կասկածվում էր Անկվաբի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Իսկ ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը խցում կախվել էր Թիմուր Հութաբան: Այդ քրեական գործով եւս մեկ կասկածյալ` Գուդաուտա քաղաքի բնակիչ Մուրթազ Սաքանիան, ապրիլի 17-ին փորձել էր ինքնասպխանություն գործել` հարցաքննության ներկայանալու ծանուցում ստանալով: Սաքանիային փրկել էին, ներկայումս նա ձերբակալված է:
Այսպես, նախագահի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվել է վեց մարդ, եւս մեկի` Գուդաուտայի բնակիչ Ռուշբեյ Սմիրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձը կատարվել էր 2012թ. փետրվարի 22-ին Գուդաուտայի շրջանում: Դա արդեն վեցերորդ մահափորձն էր: Նախագահն անձամբ չէր տուժել: Ստացած վնասվածքներից մահացել էին նրա անձնական թիկնազորի երկու աշխատակիցներ` Թենգիզ Պանդարիան եւ Ռեմզիկ Ցուգբան:


























