Ֆրանսիայի գործող նախագահ, «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է  Փարիզի շրջանի 16-րդ տեղամասում` իր եւ կնոջ` Կարլա Բրունի-Սարկոզիի հաշվառման վայրում: Կարլան ուղեկցել է նրան:

Նախագահի թեկնածուին դիմավորել է կողմնակիցների եւ լրագրողների ամբոխը: Ն. Սարկոզի շուրջը քաոսային իրարանցում է սկսվել նրա երեւալու պահին,  ինչը նրա թիկնազորին նյարդայնանալու տեղիք է տվել:

Նախագահը հասցրել է մի քանի ձեռք սեղմել, մինչեւ շանք մտնելը, որտեղ եւս շարունակվել են ձեռքսեղմումները, հայտնում «Ինտերֆաքսը»` հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ընտրատեղամասին մոտենալով, Սարկոզին անվտանգության ծառայությունների համար անսպասելի մտել է զբոսայգին, որպեսզի սեղմի իր համախոհների ձեռքերը, որոնք հավաքված են եղել ճանապարհի մյուս մասում. երթեւեկությունը դադարեցված է եղել:

Սարկոզին քվեաթերթիկն արկղի մեջ է գցել Կարլա Բրունի-Սարկոզիից  հետո` խցիկների եւ լուսանկարիչների առաջ հատուկ  դիրք չընդունելով, եւ անմիջապես դեպի ելքն է շտապել:

Մինչ հեռանալը Սարկոզին կրկին ուղեւորվել է իր համախոհներին ողջունելու:

Երեկոյան Սարկոզին ելույթ կունենա դրա համար հատուկ վարձակալված սրահում, որը գտնվում է Փարիզի 5-րդ շրջանում: