Ընտրությունների ընթացքը բերում է այն համոզման, որ Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան` նախորդը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 6-ին, ասաց խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբ այցելած առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը։

«Արդեն մեր հարցը չէ, Դաշնակցության կամ «Բարգավաճ Հայաստանի»  հարցը չէ, հիմա երկրի հարցն է։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է լինի աշխարհում ամենաարհամարհված երկիրը, թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե կրթական ոլորտներում։ Պատճառն այն է, որ իշխանությունները չեն ընտրվում ժողովրդի կողմից։  Ցավ է ինձ համար, որ այսօր իշխանությունները կարող են զոռբայությամբ, ընտրակեղծիքներով անել ամեն ինչ իշխանությունը պահպանելու համար։ Դա ոչ թե մեր, ՀՅԴ-ի կամ «Բարգավաճ Հայաստանի» հաշվին է արվում, դա Հայաստանի ժողովրդի հաշվին է արվում»,-հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը նաեւ ասաց, որ շտաբում անընդհատ թարմացվում է տեղեկատվությունն ընտրախախտումների վերաբերյալ։ «Ընտրախախտումներն այնքան շատ են, որ ցավոք դառնում են ընտրախախտումների կատալոգ, մինչեւ ժամը ութը կդառնան ութհատորյակ»,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով քվեարկած անցանց անձնագրերից անհետացած դրոշմակինիքներին՝ Տեր- Պետրոսյանն ասաց, որ դիմելով այդ քայլին իշխանությունները ոչնչացրեցին ազատ, արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Ըստ առաջին նախագահի՝ իշխանությունները մերժեցին բոլոր միջոցները, որոնք կարող էին բացառել կրկնաքվեարկությունը՝ հրապարակել երկրից բացակայողների անունները, հրապարակել ստորագրված ընտրացուցակները, թանաքոտել մատները։ «Անձնագրերում դրոշմակնիքների առկայությունը վերջին միջոցն էր կրկնաքվեարկությունը բացառելու»,-ասել է նա: