Նիդերլանդների բանակը վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ մարզում է ռազմագերիների համար ճամբար ստեղծելու գործընթացը։ Այս շաբաթ Գրոնինգեն նահանգի Մարնեհյոյզեն պոլիգոնում փորձարկվում է մի ճամբարի նախագիծ, որը պատերազմի դեպքում կարող է ընդունել մինչև 2000 զինվորականի։ AD պարբերականի տվյալներով՝ այս զորավարժությունները կապված են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը պատրաստվելու հետ։

Ճամբարը հնարավոր կլինի կառուցել ընդամենը մեկ շաբաթում։ Նման օբյեկտների կառուցման համար նախատեսվում է ներգրավել ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական այն կապալառուներին, որոնք սովորաբար ենթակառուցվածքներ են հավաքում խոշորագույն երաժշտական փառատոնների համար։ Այն չի հիշեցնի բազմաթիվ դիտաշտարակներով ու լուսարձակներով համալրված ավանդական ռազմագերիների ճամբարները։ Անվտանգությունը կապահովվի ժամանակակից հսկողության համակարգերով. տեսախցիկները կարձագանքեն պատկերին ու ձայնին, իսկ տարածքի վերևում կթռչեն անօդաչու թռչող սարքեր և տեսանյութն ուղիղ հեռարձակմամբ կփոխանցեն հրամանատարական կետին։

Ռազմագերիներին նախատեսվում է տեղավորել երկհարկանի մահճակալներով կահավորված փոքր, սպիտակ զորանոցներում։ Սպաներն ու շարքայինները բնակվելու են միասին՝ յուրաքանչյուր սենյակում ոչ ավելի, քան 20 հոգի։ Նրանց համար նախատեսված են լինելու զբոսանքի գոտիներ, ընդհանուր լվացարաններ, ճաշարան և բուժկետ։ Բջջային հեռախոսներն ու անձնական էլեկտրոնային սարքերը կառգրավվեն, սակայն նրանց թույլ կտրվի նամակներ գրել հարազատներին։ «Նրանք կարող են ակնկալել կեցության այնպիսի պայմաններ, որոնք առնվազն վատը չեն լինի, քան մեր սեփական զինծառայողներինը»,- հայտարարել է Նիդերլանդների ցամաքային զորքերի օպերատիվ աջակցության հրամանատարության ղեկավար, գեներալ Նիկոլ դե Վոլֆը։

Վերջին անգամ նմանատիպ զորավարժություններ անցկացվել են դեռևս Սառը պատերազմի տարիներին։ Դե Վոլֆի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում բանակը գրեթե կորցրել է հազարավոր գերիների պահելու փորձը։ Աֆղանստանում իրականացված առաքելությունների ժամանակ նիդերլանդցի զինվորականներին հաջողվել է ձերբակալել ընդամենը երկու-երեք հոգու, որոնց հեշտությամբ տեղավորել են ռազմաբազաներում։ «Եթե զինաթափել եք հակառակորդին, ապա ցանկանում եք նրան հնարավորինս արագ հեռացնել ռազմաճակատի գծից»,- ասում է դե Վոլֆը։ Գերեվարված զինծառայողներին տեղափոխելու են հարյուրավոր կիլոմետրեր դեպի թիկունք։ Այնտեղ նրանց կգրանցեն, կհարցաքննեն և կպահեն մինչև նիդերլանդցի գերիների հետ հնարավոր փոխանակումը։ Զինվորականներն ընդգծում են, որ գերիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքը թելադրված չէ միայն միջազգային իրավունքի պահանջներով։ «Մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ցանկանում քեզ»,- ասում է դե Վոլֆը։ Նրա խոսքով՝ Նիդերլանդներն ակնկալում է, որ իրենց զինծառայողների գերի ընկնելու դեպքում նրանց հանդեպ նույնպես մարդկային վերաբերմունք կցուցաբերվի։