Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել։ Դրա շրջանակում աշխարհում առաջին անգամ սահմանափակումներ կկիրառվեն նաև ռուսական հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) տեղափոխող նավերի նկատմամբ։

Բրիտանական կառավարության հաղորդմամբ՝ նոր փաթեթում ներառված են նաև միջոցներ՝ ուղղված ՌԴ իշխանությունների հետ կապված այն ցանցի դեմ, որը գաղտնի կերպով արևմտյան տեխնոլոգիաներ է ձեռք բերում ռուսական բանակի համար։ Բացի այդ, սահմանափակումներ կմտցվեն նաև երրորդ երկրների մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ամբողջ աշխարհում ապօրինի դրամական փոխանցումներ կատարել։

Պատժամիջոցների նոր փաթեթը կներկայացվի հունիսի 16-ին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդգծել է, որ հենց այդ օրն է Ֆրանսիայի Էվիան քաղաքում մեկնարկում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը։

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, բրիտանական կառավարությունը հայտնել էր, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» մի տանկեր են կանգնեցրել Լա Մանշի նեղուցում։