Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա հունիսի 15-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խիստ դժգոհ է եղել Իրանի հետ բանակցություններում Օմանի միջնորդությունից և հրաժարվել է Մասկատի ծառայություններից։ Պաշտոնյան այս մասին խոսել է՝ մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի կողմից ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված փոխըմբռնման հուշագրի էլեկտրոնային ստորագրումը։

«Մենք չափազանց դժգոհ էինք օմանցիների աշխատանքից։ Մեզ թվում էր, թե նրանք երկակի խաղ են խաղում և իրենց քայլերով գրեթե հանդես են գալիս որպես իրանցիների վարձու աշխատողներ։ Այնպես որ, մենք, կոպիտ ասած, նրանց դուրս շպրտեցինք այս գործընթացից», - լրագրողների համար կազմակերպված հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի, ինչպես նաև որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, հավելելով, որ այն նպատակ ունի վերջ դնել Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմին։ Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։ Բացի այդ, հունիսի 15-ից դադարեցվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը, և անհապաղ ու վերջնականապես դադարեցվում են բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում) ռազմական գործողությունները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։