Gallup International կազմակերպությունը հրապարակել է Exit-poll-ի արդյունքները:
Կազմակերպության աշխատակիցներն առավոտից ընտրատեղամասերի մոտ հարցումներ են անցկացրել եւ ժամը 18-ի դրությամբ, առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է: Ըստ այդմ, Exit-poll-ի ՀՀԿ-ն ստացել է 44,44 տոկոս ձայն:
Հարցվածների 28,81 տոկոսը իր քվեն տվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Երրորդ տեղում Հայ ազգային կոնգրեսն` 6,33 տոկոսով: ՕԵԿ-ը ստացել է 6,16 տոկոս, «Ժառանգությունը»` 5,92 տոկոս, ՀՅԴ-ն` 5,18 տոկոս:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստացել է 0,51, Հայկոմկուսը` 2,2, «Միավորված հայերը»` 0,45 տոկոս:
Փորձագետ Արամ Նավասարդյանն էլ նշեց, որ նշված տվյալները ժամը 18:00-ի համար են, հարցումն իրականացվել է 131 ընտրատեղամասերում և հարցվել է 20000 հոգի: Հրաժարվողների թիվը կազմել է 40 տոկոս:
Gallup International-ի փորձագետ Անդրեյ Ռայչեւը հրաժարվողների մեծ թիվը բացատրեց նրանով, որ Հայաստանում նման exit-poll իրականացվում է առաջին անգամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Gallup International Association ընկերությունը խորհրդարանական ընտրությունների օրը exit-poll է իրականացնելու 131 ընտրատարածքներում:
«Հուսով ենք, որ մարդիկ ազնիվ կպատասխանեն, թե իրենք ում ընտրեցին: Հաճախ հարցնում են, թե արդյոք այն մանիպուլյացիայի չի՞ ենթարկում ընտրությունների արդյունքները: Պետք է նշեմ, որ սա երաշխիք է ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի դեմ, եւ դրա մասին այստեղ խոսք լինել չի կարող»,-ասել էր Gallup International Association ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան, հավելելով, որ հարցման է ենթարկվելու յուրաքանչյուր 5-րդ ընտրողը:
Միլկանա Նիկոլովայի, սոցհարցումներն ու հատկապես exit poll-երը հիմնվում են նախկին ընտրությունների արդյունքների վրա, սակայն իրենք մտավախություն ունեն, քանի որ Հայաստանում առաջին անգամն է եւ նախորդ տարիների փորձը չկա:
Նշենք, որ Հայաստանում կա 1982 ընտրատեղամաս, սակայն Gallup International-ը կաշխատի միայն 131-ում:




























