Ֆրանսիայի նախագահական ընտրություններին քվեարկողների մասնակցությունը գերազանցեց ակնկալիքները:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մասնագետների կանխատեսմամբ, քվեարկության վերջում այն կկազմի 82%: Դա նշանակում է, որ Նիկոլա Սարկոզիին եւ Ֆրանսուա Օլանդին հաջողվել է կրկին մոբիլիզացնել իրենց ընտրազանգվածը: Առաջին փուլին մասնակցել էին ձայնի իրավունք ունեցող ֆրանսիացիների գրեթե 80%-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 6-ին Ֆրանսիայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի հաղթողը կարող է դառնալ սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը: Առաջին փուլում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն ստացել էր ձայների 28,6%-ը` առաջ անցնելով գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից, որը հավաքել էր 26,2%:
Ըստ նախնական տվյալների` երկրորդ փուլում Օլանդն ստանում է ձայների 52,5-53% -ը, նրա հակառակորդը` Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, 47-47,5%:
Քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն երեւանյան ժամանակով 22.00-ին:




























