Ֆրանսիական լրատվամիջոցներին արգելված է ընտրությունների արդյունքները հրապարակել նախքան դրա ավարտը, սակայն հարեւան երկրներն արդեն հրապարակել են մոտավոր տվյալները: Եվ այդ թվերը ակնհայտորեն ուրախալի չեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի համար: Այդ մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»` հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին:

Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդն ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: Exit poll-ի տվյալներով`  ժամը 17:00-ի դրությամբ (տեղական ժամանակով), Օլանդն ստացել էր ընտրողների ձայների 53%-ը:

Մասնակիցների ակտիվության մասին պաշտոնական տվյալները կթարմացվեն ՆԳՆ-ում` ժամը 20.00-ից հետո:

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկատվության` 17.00-ի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 71,96%:

2007  թվականին այդ ցուցանիշը բարձր է եղել եւ կազմել է 83,97%: Թեպետ սոցիոլոգիական ինստիտուտները կանխատեսում են 81%-82%, գրում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի ընտրությունների առաջին փուլում 17.00-ի դրությամբ  քվեարկողների տոկոսը կազմել էր 70,59%: 2007 թվականին նմանատիպ ցուցանիշն ավելի բարձր էր` 75,11%:

Օրենքն արգելում է ֆրանսիական լրատվամիջոցներին հրապարակել տվյալները մինչեւ ընտրատեղամասերի փակվելը, սակայն արգելքը չի տարածվում արտասահմանյան լրատվամիջոցների վրա: