Հայաստանում փորձնակները հնարավորություն կունենան վարձատրվել իրենց աշխատանքի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 17-ին հայտարարել է Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակը քաղաքացիական ծառայության գրավչությունը բարձրացնելն ու Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված «տաղանդների կառավարման» մոտեցումը կյանքի կոչելը։

«Պրակտիկանտները կկարողանան վարձատրություն ստանալ իրենց աշխատանքի համար։ Մինչ օրս գործող օրենսդրությամբ կար պարտադիր պահանջ, ըստ որի՝ նրանց աշխատանքը ենթակա չէ վարձատրության», - նշել է Քալաշյանը։

Նախագծով նախատեսվում է նաև, որ այդ տարիները կհաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ ոչ միայն քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելիս, այլև հանրային ծառայության համակարգում ցանկացած այլ պաշտոնի նշանակվելու դեպքում։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ աշխատանքային ստաժի հաշվարկման մասով առաջարկվող փոփոխություններին կտրվի հետադարձ ուժ։ Սա նշանակում է, որ նախկինում պրակտիկա անցած անձանց ստաժը նույնպես կճանաչվի որպես հանրային ծառայության ստաժ։

«Մինչ օրս պրակտիկա անցած բոլոր անձանց ստաժը պետք է հաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ», - ընդգծել է Քալաշյանը։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ պետական մարմիններում պրակտիկանտների ներգրավման առանձնահատկությունները, նրանց ստաժի հաշվառման, աշխատանքներին մասնակցության և վարձատրության կարգը կսահմանվեն առանձին կանոնակարգով, որը կհաստատի ոլորտը համակարգող փոխվարչապետը։ Համապատասխան կարգի ընդունման համար օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի վեցամսյա ժամկետ։

Քալաշյանը հստակեցրել է, որ պրակտիկանտների վարձատրության վերաբերյալ դրույթները կգործեն հենց այս կարգի հաստատումից հետո։

«Վստահ եմ, որ այս շոշափելի փոփոխությունը զգալիորեն կբարձրացնի հանրային ծառայության գրավչությունը և լավ ազդակ կլինի մեր երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրացնել իրենց սահմանադրական իրավունքն ու անցնել պետական ծառայության», - ասել է Քալաշյանը։